Արմավիրի մարզում 5 ամիս առաջ մորը կացնահարելու մեջ մեղադրվող 46-ամյա Կարինեն գտնվում է հոգեբուժարանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արագած գյուղի բնակիչները, որոնց համագյուղացին է կինը:

Ըստ գյուղում տարածված տեղեկատվության՝ արդեն իսկ հաստատվել է, որ կինը հոգեկան շեղումներ ունի: Նշենք, որ քննության նախնական տվյալներով, կինը հաշվառված է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ, այդ պատճառով էլ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել:

«Կարինեն Ռուսաստանում բարձրագույն կրթություն էր ստանում, երբ անհասկանալի պատճառներով մոտը խնդիրներ առաջացան, մայրն էլ գնաց, բերեց գյուղ, երկար ժամանակ դեղերով պահում էր, այն էլ այդ դեպքը տեղի ունեցավ»,- նշեցին գյուղացիները:

Կացնահարվելու հետեւանքով մահացած տարեց կինը մի որդի էլ ունի, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Ըստ Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածած հաղորդագրության, 2016թ. մայիսի 24-ին ժամը 18-ի սահմաններում 46-ամյա կինը Արմավիրի մարզի իրենց տան ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, կացնով հարվածել է մոր` Ա.Վարդանյանի գլխին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ա.Վարդանյանը դիմադրություն է ցույց տվել եւ դիմել փախուստի: Մեկ շաբաթ անց տարեց կինը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: