Հայաստանում զբաղվածության նոր ծրագրերը աշխատանքի տեղավորման արդյունավետությունը բարձրացրել են 6-ից 75 տոկոսի։ Այս մասին նոյեմբերի 2-ին ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ 2014-ից սկսած գործազրկության նպաստների չեղարկման մասին (18 հազար դրամ 12 ամսվա ընթացքում)։

Նախարարի խոսքով 2015-ին նախարարության ծրագրերով աշխատանքի է դասավորվել 15 հազար մարդ։ Մի մասը գերատեսչության զբաղվածության կենտրոնների խորհրդատվությունների շնորհիվ, մյուս մասը՝ ժամանակավոր ու մշտական զբաղվածության ու մասնագիտական կրթության ծրագրերով, երրորդն էլ ՝ ինքնազբաղվածությանը նախապատրաստող ծրագրերով։ «Գրոծազրկության նպաստներով աշխատանքի դասավորման արդյունավետությունը մեր երկրում ընդամենը 6 տոկոս էր, իսկ հիմա ՝ 75 տոկոս; Իսկ մասնագիտական կրթության ծրագրերով արդյունավետությունն ավելի բարձր է՝ 87․2 տոկոս»,- նկատեց Ասատրյանը։