Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանը դեռ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱՆ քրեակատարողական վարչությունից: Ստեփան Հակոբյանը բժիշկների հսկողության տակ է եւ ստանում է համապատասխան բուժօգնություն: Թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի նա, քրեակատարողական վարչությունից չմանրամասնեցին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստը մի քանի անգամ հետաձգվում է՝ Ստեփան Հակոբյանին դատարան չներկայացնելու պատճառով: Ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցներին բանավոր կերպով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ Ստեփան Հակոբյանի առողջական վիճակը ծանր է եւ այդ պատճառով չեն կարող ներկայացնել դատարան: Սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարանին չէր ներկայացվել Ստեփան Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ որևէ բժշկական փաստաթուղթ:

Ստեփան Հակոբյանը որոշ ժամանակ գտնվել է «Էրեբունի» ԲԿ-ում, այնուհետեւ՝ տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց:

Ստեփան Հակոբյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացրել էր Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:

Գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին է, որն ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել է Արսեն Առուշանյանին, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արսեն Առուշանյանը Նարեկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակում է, եւ կալանավայրում արտագնա նիստում կհարցաքննվի։