Հայաստանի ձկնամթերքի արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ ձկնաբույծների եւ ձկնամթերքի արտահանման միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը: Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անգամակցությունից հետո «արտահանում» տերմինը վերածվել է «տեղափոխման», քանի որ խոսքը  ԵՏՄ անդամ երկրների տարածքի մասին է:

Հիշեցնենք, որ վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը «Ձկան եւ ձկնամթերքի անվտանգության» վերաբերյալ ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգ է ընդունել, որը սննդամթերքի անվտանգության ոլորտում Միության հիմնարար տեխկանոնակարգերից մեկն է: Այն կիրառման եւ իրագործման համար պարտադիր պահանջներ է սահմանում ԵՏՄ-ում արտադրվող սննդային ձկնամթերքի վերաբերյալ, նաեւ արտադրության գործընթացների, պահպանման, տեղափոխման եւ վերացման, այդ ապրանքների մակնշման եւ փաթեթավորման վերաբերյալ՝ Միության շուկայում դրանց ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով: