Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին վթարված բարեգործական ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Գագիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

Նշենք, որ Գագիկ Ստեփանյանը նույնպես վնասվածքներ էր ստացել վթարի ժամանակ: Նա ողնաշարի վնասվածք ունի եւ ըստ բժիշկների, դեռ պետք է երկար պառկած մնա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Ըստ Վարսերում տարածված տեղեկությունների` Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան պատկանում էր նույն գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանին, որն էլ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացմամբ, անվճար ուսանողների էր տեղափոխում Երեւան: Երկրորդ օրն էր, որ միկրոավտոբուսը գյուղի երիտասարդներին էր տեղափոխում մայրաքաղաք, երբ այս ողբերգական դեպքը տեղի ունեցավ: