Արցախի իշխանությունները փորձելու են վաղ գարնանը կյանքի կոչել Թալիշը վերաբնակեցնելու ծրագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:
«Առջեւում ձմեռ է, մենք փորձում ենք թալիշցիներին հավաքել Ալաշանում, որ կարողանանք վաղ գարնանն արդեն նրանց կրկին տեղափոխենք Թալիշ»,- ասաց վարչակազմի ղեկավարը:
Ըստ պաշտոնյայի` պետությունն ապահովում է թալիշցիներին ամեն ինչով, որեւէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է թալշիցներին օգնելու համար ստեղծված ֆոնդին, Վլադիկ Խաչատրյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ եւ դա պետության նախաձեռնությունը չէ:
Հիշեցնենք, որ թալիշցիները գյուղից հեռացել են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը: Մի քանի ամիս տարբեր բնակավայրերում ապրելուց հետո միայն Արցախի իշխանությունները հուլիսի 25-ից Ալաշանում սկսել է թալիշցիների բնակեցման գործընթացը:




























