Ավտրալական Բերրի Սփրինգզ քաղաքում կազմակերպվել էր կոկորդիլոսների, դոդոշների ու գորտերի մրցավազքեր։ Մրցույթները կազմակերպվել էին տեղի փաբերից մեկի սեփականատիրոջ նախաձեռնությամբ, հայտնում է UPI–ն։

Մրցավազքին մասնակցելու համար ընտրել էին երիտասարդ կոկորդիլոսների՝ կես մետրից ոչ ավել երկարությամբ։ Որպեսզի նրանց իրարից տարբերելը հեշտ լինի, նրանց վրա տարբեր գույների ժապավեններ էին կապել։ Առաջինը ավարտի գծին հասել է Թեբ անունով կոկորդիլոսը, որը Մելբուրնից մի կնոջ էր պատկանում։

Այնուհետեւ անցել են դոդոշների մրցումները։ Դրանց տերերը ստիպված էին դոդոշների հետեւից գնալ ու անընդհատ փչել նրանց վրա, որպեսզի ալարկոտ  կենդանիները շարժվեին անհրաժեշտ ուղղությամբ։

Իսկ դոդոշներից հետո սկսել են մրցել ավստրալական գորտերը։

Այդ արտասովոր մրցույթը դիտելու էին եկել հարյուրավոր մարդիկ։ Մրցույթի կազմակերպիչ Իեն Սլոենը կատակել էր, թե «ձիարշավները արդեն հնացել են, իսկ ապագան կոկորդիլոսներինն է»։

Սակայն Սլոենը չի կարծում, թե մրցույթների հաղթողներին փայլուն մարզական  կարիերա է սպասվում։ «Դոդոշներին լավագույն դեպքում սառնարանում կպահենք, իսկ վատագույն դեպքում՝ դուրս կվռնդենք»,- ասել է նա։  Իսկ կոկորդիլոսներից, նրա կարծիքով հրաշալի պայուսակներ են ստացվում։