Երեւանում նոյեմբերի 3-ին շենքերից մեկի 7-րդ հարկից նետված կինը հոգեկան խնդիրներ է ունեցել:  NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը պատմեց, որ կնոջը շենքի բակում ընկած առաջինը տեսել է Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի առաջին հարկի բնակիչը, որը պատուհանը բացել է՝ ծխելու նպատակով:

«Պատուհանը բացեցի, որ ծխեմ՝ տեսնեմ Անոն ա ընկած: Ինքը ոչ մի խնդիր չի ունեցել, որ դրա պատճառով նման քայլի գնար, ուղղակի վերջին տարիներին մի քիչ հոգեկան շեղումներ ուներ, դրանից առաջ նորմալ կին էր, գալիս-անցնում բարեւում էր»:

Հարեւանը պատմեց, որ կինը ապրել է հարազատների հետ, որոնք վերջին տարիներին խնամել են հիվանդ կնոջը. «Իրանցից ոչ մեկս լավ տեղյակ չենք, ինքնամփոփ մարդիկ են, ոչ մեկի հետ չէին շփվում»:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Երեւանում շենքի բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ կինը նույն շենքի բնակչուհի է, որն ինքնասպան է եղել՝ պատուհանից նետվելու միջոցով: