ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի եւ Վարդգես Գալստյանի սպանության հանգամանքները, առաջադրվել մեղադրանքներ:
2016թ. փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանվածների ինքնությունը, նրանց կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու վայրը, հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նախնական քննության տվյալներով՝ 2016թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում համագյուղաղացիների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն՝ Ա.Խամոյանի կողմից ավտոմեքենան նշված վայրում կայանելու կապակցությամբ, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Վիճաբանությունը այլ համագյուղացիների միջամտության արդյունքում հանդարտվել է, սակայն որոշ ժամանակ անց, մասնակիցներից երեքը, որոնցից երկուսը զինված են եղել որսորդական հրացաններով, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Հոկտեմբերյան խճուղու թիվ 31 շենքի 4-րդ մուտքի մոտ, որտեղ կանգնած են եղել Խամոյան եղբայրները, Գալստյան եղբայրները եւ այլ անձինք, ու որսորդական հրացաններով կրակոցներ արձակել վերջիններիս ուղղությամբ։
Ստացած հրազենային վնասվածքներից Արտյոմ Խամոյանը եւ Վարդգես Գալստյանը տեղում մահացել են, իսկ Արման Խամոյանը եւ Արծրուն Գալստյանը՝ ստացել հրազենային-կոտորակային կույր վնասվածքներ:
Քրեական գործով պարզվել է միջադեպին մասնակից, այդ թվում՝ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայում գտնված անձանց ինքնությունը, անհատականացրել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների արդյունքում մասնակիցներից մեկի բնարականի խորդանոցում հայտնաբերվել է ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի փամփուշտ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա Ս.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ 31-ամյա Ա.Սարգսյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով: Նրանց Նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նկատի ունենալով, որ երրորդ մասնակիցը՝ Բ.Նազարեթյանը, դիմել է փախուստի՝ քննիչը որոշում է կայացրել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երկու մեղադրյալների՝ Ս.Ղազարյանի եւ Ա.Սարգսյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Բ.Նազարեթյանին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։



























