Միգրանտների եւ փախստականների ձգտումը դեպի Եվրոպա եկամտի աղբյուր է դարձել նրանց համար, ովքեր մասամբ նպաստում են այդ հոսքին. ԻՊ-ը եւ մյուս ջիհադական կազմակերպությունները, գրում է El Pais-ը:
Իտալիա հասնել փորձող միգրանտների համար մեկնման կետ է Լիբիան: «ԻՊ-ը «ճանապարհի տուրք» է հավաքում, եւ նրա գրպան է մտել 2015-ին Լիբիային միգրանտների տեղափոխությունից բաժին հասած գրեթե 300 մլն եվրո ընդհանուր եկամտի 30 տոկոսը»,- գրում է թերթը՝ վկայակոչելով արեւմտյան հետախուզության տվյալները: Պարբերականի տեղեկություններով՝ խալիֆայությունը 88 մլն եվրո «կոմիսիոն» վճար է ստացել նրանցից, ովքեր զբաղվում են մարդկանց մաքսանենգ տեղափոխությամբ:
«Միգրանտները նախընտրում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող առափնյա վայրերից ճանապարհ ընկնել, այդպես տեղ հասնելու շանսերը մեծ են»,- պնդում է տնտեսագետ Լորետա Նապոլեոնին, որը հեղինակել է «Մարդկանց մաքսանենգերը» գիրքը: Նրա խոսքով՝ ԻՊ խալիֆայության հսկողության տակ ծով մտնելը նրանց համար «որակի երաշխիքի» պես մի բան է: Նապոլեոնին նշում է, որ ԻՊ-ը լիմիտ է սահմանում, որի համաձայն մեկ նավի վրա 120 մարդուց շատ մարդ չպետք է լինի: Դա կրճատում է նավաբեկության ռիսկը: «Նապոլեոնին իր իսկ աղբյուրների վկայությամբ հայտնում է, որ ԻՊ-ը մեկ շնչից 1600 եվրո է գանձում, իսկ մաքսանենգերից վերցնում է եկամտի 50 տոկոսը: ԻՊ-ը նաեւ պատժում է մաքսանենգերին, եթե նրանք չեն պահպանում կանոնները եւ փորձում են միգրանտներից ավելի շատ փող վերցնել»,- ասված է հոդվածում:
Սակայն Նապոլեոնին կարծում է, որ «արեւելյան միջանցքի» փակումը, որով միգրանտները նախկինում անցնում էին Եվրոպա Թուրքիայի տարածքով, կարող է մեծացնել Միջերկրական ծովով ճանապարհի շահութաբերությունը: «Նրանք, ովքեր հիմա փախչում են Մոսուլից, չեն կարող անցնել Թուրքիայի հյուսիսով, այնպես որ նրանց փորձում են հասնել Լիբիա, իսկ դրա համար պետք է հատել խալիֆայության մի հատվածը: Այդ նույն բանն անում են աֆղանները»:




























