Բրիտանական արքայազն Հարրիի եւ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի սիրավեպը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել թագավորական ընտանիքի համար: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ զույգը շուտով նշանվելու է, ինչը հազիվ թե մեծ ոգեւորություն է առաջացրել Բուքինգեմյան պալատում:

Ըստ CBS-ի՝ օրերս Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնիկը սիրելիին ծանոթացրել է հոր՝ արքայազն Չարլզի հետ: Դա, ըստ People-ի, խոսում է Հարրիի լուրջ մտադրությունների մասին: Մամուլի տեղեկություններով՝ արքայազնը պատրաստվում է ամուսնության առաջարկ անել սիրելիին:

Մինչ այդ, լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ 35-ամյա Մարքլը «չափազանց տարօրինակ կերպար կլինի թագավորական սեղանի շուրջ»: Նախ՝ նա արդեն ամուսնացած է եղել: Չնայած դերասանուհին պաշտոնապես ամուսնալուծվել է, թագավորական ընտանիքի ավանդույթների համաձայն, թագաժառանգ արքայազններն ամուսնալուծված կանանց հետ չեն ամուսնանում:

Բացի այդ, Մարքլի մայրն աֆրոամերիկուհի է, հայրը՝ եվրոպացի: Նման խառն ամուսնությունն անհարմար գործոն կլինի բրիտանական թագավորական  ընտանիքի համար, եթե արքայազն Հարրին, ամեն դեպքում, վճռի պաշտոնապես ամուսնություն առաջարկել դերասանուհուն:

Միաժամանակ, Daily Mirror-ը գրում է, որ արքայազն Հարրին աղջկան ծանոթացրել է եղբոր՝ արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ եւ ստացել նրանց հավանությունը: