Դելֆինները միմյանց անունով են կանչում: Նման կարծիք են հայտնել Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի գիտնականները: Ծովային այս կենդանիներն իրար հետ շփվում են նաեւ սուլոց հիշեցնող հնչյուններով: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով Proceedings of the Royal Society B ամսագիրը:
Մասնագետները հերթական հետազոտությունն են կատարել Ֆլորիդայի ծովախորշում՝ վերլուծելով դելֆինների արձակած ձայները: Նրանք սուլոցը ձայնագրել են հատուկ սարքի օգնությամբ: Արդյունքում պարզվել է, որ իրենց մրցակիցների հետ շփվելիս կենդանիները նախ իրենց «անունն» են նշում: Մյուս կենդանին կրկնում է այդ ձայները, ապա նոր սուլոցներ արձակում: Գիտնականները նաեւ ենթադրում են, որ ծնվելիս փոքրիկ դելֆինները հստակ տարբերում են մոր արձակած ձայները:
Ավելի վաղ գիտնականներին հաջողվել էր ապացուցել, որ դելֆինները մարդկանց նման տխրում են իրենց ցեղակցի մահվան ժամանակ: Հետազոտությունը ցույց էր տվել, որ այս կենդանիները կարող են տարբերել պատահական մահն անխուսափելի վախճանից:




























