Վանաձորի բժշկական կենտրոնից կտրականապես հերքում են հոկտեմբերի 18-ին մահացած ծննդկանի հարազատների պնդումները, թե իրենք գումար են առաջարկել՝ չբողոքելու դիմաց:

NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Վարդան Աբովյանը նախ հարցից զարմացավ, ապա նշեց. «Ինչպե՞ս կարող էր հիվանդանոցը գումար առաջարկել, իրենց հարցրեք՝ ով երբ եւ ինչքան է կոնկրետ իրենց առաջարկել: Մենք նման բան չենք արել եւ չէինք էլ կարող անել»:

Նշենք, որ մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի ամուսինը մեզ հետ զրույցում մասնավորապես ասել էր հետեւյալը. «Առաջարկել են 30-40 հազար ԱՄՆ դոլար: Ասել են, որ սենց-սենց հնարավորություններ ունեն, մանավանդ Դավիթը (Դավիթ Շահվերդյան, որին հարազատները մեղադրում են կատարվածի մեջ- խմբ.): Ես էլ ասել եմ, որ ես ցանկություն չունեմ` էդ խոսակցությունը շարունակեմ: Իրանք որ փողի են վերածում, մենք փողի չենք վերածում մեր թանկ կորուստը: Գումար են առաջարկում, որ չբողոքենք: Եթե համաձայն ես, փողը վերցնում ես, վսյո: Կրճատում են գործը, մի բան կգրեն… էսօր փողով ամեն ինչ էլ անում են: Ասում են՝ եթե չհամաձայնվեք, էդ դեպքում վերև կտան, ձեզ փայ չի մնա: Ես էլ ասել եմ մեզ փայ պետք չի»:

Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Նրա հարազատներն ավելի ուշ NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մասնավորապես սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդկանը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանն էլ մեզ հետ զրույցում դժվարացել էր պատասխանել՝  ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել  դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Նշենք, որ ծննդկանի մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի: