«Սասնա ծռեր» խմբի անդամ, ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի վիճակը գնալով վատանում է: Հովհաննեսի աջ ոտքը, ինչպես պնդում է փաստաբան Հայարփի Սարգսյանը, զգալիորեն բարակել է:

«Հովհաննեսն այլեւս չի դիմանում, ասում է՝ կամ ոտքս հեռացրեք, կամ բուժեք: Եթե մինչ սա գոնե հենակներով կարողանում էր տեղաշարժվել, հիմա գրեթե չի կարողանում քայլել, աջ ոտքը զգալիորեն բարակել է մինչեւ կոնք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով, Հովհաննեսին շտապ վիրահատություն է պետք, այդ մասին նույնիսկ արտերկրի բժիշկներն են ասում, մինչդեռ Հայաստանում անհասկանալի պատճառներով որոշել են վիրահատություն չանել: Նշենք, որ ավելի վաղ Հայարփի Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննեսի վիրավոր ոտքի գույնը սկսել է փոփոխվել: «Նրա ոտքից որոշ բեկորներ հեռացրին, բայց բուն վիրահատություն այդպես էլ չիրականացրին:  Պարբերաբար վիրահատությունը հետաձգվում էր տարբեր պատճառաբանություններով, հետո էլ հայտարարեցին, որ վիրահատություն անհրաժեշտ չէ: Մեկ ամիսն անցավ, հիմա Հովհաննեսի ոտքի գույնը փոփոխվել է, մգացել է, նա չի կարողանում աջ ոտքը դնել գետնին»:

Հովհաննես Հարությունյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: