Վրաստանի ՆԳՆ-ն տարածել է մանրամասներ Թբիլիսիում դաժան սպանության մասին, հայտնում է «Վրաստան-նովոստին»։ Մայրաքաղաքի Գլդանի թաղամասում քաղաքային աղբանոցում հայտնաբերվել էր 1940 թ ծնված կնոջ այրված դին։
Քննչական միջոցառումների անցկացումից հետո պարզվել է, որ կինը սպանվել էր հոկտեմբերի 19-ին։ Նրան խեղդել են, որից հետո մարմինը անդամահատել են ու այրել։ Քննությունը տեղի ունեցածը ծիսակարգային սպանություն է անվանում։ Այս գործով երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում սպանվածի դուստրը։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով, մոր հետ վեճից հետո աղջիկը իր երկու ծանոթների հետ պայմանավորվել է նրան սպանելու մասին։
Երիտասարդները եկել են այն տուն, որտեղ կինն ապրում էր դստեր հետ, էլեկտրաշոկերով անշարժացրել նրան, խեղդել ու հետո դանակով հարվածել։ Մարմինը մեղադրյալները մեծ պայուսակի մեջ են տեղավորել ու տեղափոխել հանցագործներից մեկի բնակարան, որտեղ անդամահատել են դին։ Երբ փողոցում մթնել է, նրանք մարմնի մասերը երկու պայուսակի մեջ են դրել ու տարել աղբանոց, նրա մարմնի մնացորդների վրա բանզին են լցրել ու այրել։
Սպանվածի դուստրը ու նրա ծանոթ Բեքա Շ․-ն խոստովանել են իրենց արարքը։ Երրորդ մեղադրյալը ՝ Նինա Չ․-ն անչափահաս է։ Նա օգտվել է լռության իրավունքից։




























