Renderforest հայկական ստարտափը կներկայացնի Հայաստանը Web Summit 2016 Տեխնո միջոցառմանը, որը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում եւ կունենա 51000 մասնակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Renderforest-ի հիմնադիր-տնօրեն Նարեկ Սաֆարյանը:
«Web Summit–ում ներկայացնելու ենք մեր նոր՝ երրորդ սերնդի խմբագրիչը, որն առաջարկում է վիդեո արտադրության էլ ավելի ճկունություն: Մեր նպատակն է բոլոր մարդկանց հնարավորություն տալ դառնալ պրոֆեսիոնալ վիդեո ստեղծողներ՝ չունենալով փորձ այս ինդուստրիայում: Այսինքն նպատակը մեկն է՝ ցույց տալ տեխնոլոգիական լուծումներ, որոնք նախագծվել եւ ստեղծվել են Հայաստանում՝ դարձնելով բարձրորակ, հեռարձակման որակի վիդեո-արտադրությունը հասանելի բոլորին եւ որ ամենակարեւորն է՝ անվճար»,- ասաց Նարեկ Սաֆարյանը:
Նրա խոսքով Renderforest հարթակում ստեղծված վիդեոների թիվը տարվա վերջին կհատի 1 մլն-ի շեմը: Օրական Renderforest-ում մոտ 2000-2500 նոր օգտատեր է գրանցվում, իսկ ներկա պահին հարթակն ունի 400.000 օգտատեր:
Խոսելով օգտատերերի գեոլոկացիայի մասին՝ Նարեկ Սաֆարյանը նշեց, որ հիմնական օգտատերերը ԱՄՆ-ից եւ Արեւմյան Եվրոպայի երկրներից են: «Օրական հազարավոր վիդեոներ են ստեղծվում հիմնականում այս տարածաշրջաններում բնակվող օգտատերերի կողմից: Մեր ծառայության միջոցով ստեղծում են գովազդային հոլովակներ, ճանաչողական անիմացիաներ, լոգոտիպերի անիմացիաներ, երաժշտական էկվալայզեր-վիդեոներ, կորպորատիվ եւ անձնական սլայդշոու տեսակի վիդեոներ եւ այլն: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր գլխավոր նպատակին, այն է դառնալ գլոբալ բրենդ՝ գտնվելով ու հիմնվելով Հայաստանում, ներկայանալ որպես հայկական արտադրանք»,-ասաց Նարեկ Սաֆարյանը:
Renderforest-ը առցանց վիդեո ստեղծման պլատֆորմ է, որի շնորհիվ կարելի է ստեղծել հեռարձակման որակին համապատասխան տեսահոլովակներ: Կայքն անվճար է օգտագործման համար, սակայն առաջարկում է վճարովի հավելումներ: «Հարթակի մատուցած ծառայությունը վճարովի է միայն այն դեպքում, երբ օգտատերերը ցանկանում են բեռնել իրենց վիդեոն համակարգչի վրա կամ հրապարակել սոցցանցերում` առանց մեր լոգոտիպի գովազդի»,- հավելեց Renderforest-ի հիմնադիրը:
Web Summit-ը Եվրոպայի կարեւոր տեխնո իրադարձություններից է, որը հավաքում է արդեն իսկ կայացած եւ կայացման ճանապարհին գտնվող տեխնոլոգիական ընկերություններին:




























