Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը դեռեւս ոչ մի ազդակ չի ստացել ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրների մասին: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարը պարզաբանել է, որ եղել են բազմաթիվ ազդակներ եւ խնդիրներ օրենսդրության, բանկային համակարգի հետ կապված, բայց ներմուծման հետ կապված խնդիրներ դեռեւս չեն եղել:
Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, որ Հայաստան բանան ներմուծման խոչընդոտներ կան, Սուրեն Կարայանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել մամուլում հայտնված շշուկները: «Ոչ մի դժգոհություն որեւէ ներմուծողի կողմից չի եղել առ այն, որ նրան թույլ չեն տվել ինչ-որ ապրանք ներմուծել, կամ բարդացրել են այդ գործընթացը կամ անհավասար մոտեցում են ցուցաբերել: Մենք նման ազդակներ չենք ստացել»,- վստահեցրել է նախարարը:




























