ԱՄՆ նախագահի հանրապետականբ թեկնածու, Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ առաջիկա 4 կամ 8 տարիների ընթացքում անցած ընտրարշավի համար հպարտության զգացում կլինի, գիտակցում, որ դա իզուր չի եղել:
«Դա, ինչպես ասում են, պատմական պահ էր: Բայց որպեսզի իսկապես այն պատմական լինի, մենք պետք է կատարենք մեր աշխատանքը: Եվ ես խոստանում եմ ձեզ, որ հուսախաբ չեմ անի, մենք գլուխ կհանենք: Ես անհամբերությամբ սպասում եմ իմ նախագահությանը: Հույս ունեմ, որ երկու, երեք, չորս եւ անգամ ութ տարի անց դուք, ովքեր այդպես համառորեն աշխատել եք հանուն սրա, կասեք. սա հենց այն էր, ինչի համար մենք հպարտ ենք: Ես շնորհակալ եմ ձեզնից»,- ասել է Թրամփը Նյու Յորքում համախոհների առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը նախագահական ընտրությունների ընթացքում ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայները անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում:
ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգով: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ կոլեգիայի 538 անդամից 270-ի ձայները:
Ընտրական կոլեգիայի անդամները ձեւականորեն քվեարկելու են թեկնածուների օգտին դեկտեմբերի 19-ին, իսկ Կոնգրեսը քվեարկության արդյունքները հաստատելու է 2017 թվականի հունվարի 6-ին:



























