Ամերիկայում անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ Հիլարի Քլինթոնը կհաղթի, բայց այդ հարցումներն այնքան էլ ճիշտ չէին, որովհետեւ մարդիկ ամաչում էին ասել, որ իրենք Թրամփի օգտին են քվեարկելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի խոսքով իր համար անակնկալ չէր Թրամփի հաղթանակը. «Թրամփի հաղթանակի գործում երեք կարեւոր գործոն է ազդել. առաջինը՝ մարդիկ միշտ ուզում են թարմություն, նոր ղեկավար տեսնել: Մարդիկ հոգնել էին այն դասական քաղաքական գործիչներից, որոնք կան ամերիկյան քաղաքական դաշտում: Երկրորդն այն էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնհայտ միակողմանի, պրիմիտիվ քլինթոնամետ  դիրքորոշում ցուցաբերեց: Վերջին շրջանում  նա անգամ ուղղակիորեն վիրավորում էր Թրամփին, որ նա չի կարողանա երկիր ղեկավարել: Սա Ամերիկայում ընդունված չէ եւ հենց դա էլ առաջացրեց բացասական կարծիք մարդկանց մոտ:

Երրորդ՝ մեծ դեր խաղաց Ժիրինովսկուն նման լինելու իրավիճակը: Ամերիկայում անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ Հիլարի Քլինթոնը կհաղթի, բայց այդ հարցումներն այնքան էլ ճիշտ արդյունք չէին, որովհետեւ մարդիկ ամաչում էին ասել, որ իրենք Թրամփի օգտին են քվեարկելու, քանի որ նա անսպասելի քայլեր էր անում: Այս երեք գործոններն աշխատեցին  ու ընտրվեց Թրամփը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում: