Ինչքան էլ որ բուռն ու հագեցած էր այս տարվա ընտրարշավը, այնուամենայնիվ, ամերիկացիները գիտեն, որ երեկվա քվեարկության արդյունքների հիման վրա 2017թ. հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության խաղաղ հանձնում ԱՄՆ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հայտարարել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Այսօր վաղ առավոտյան պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների, դասախոսների, լրագրողների մի բազմազան խումբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ միասին հետեւում էին ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մինչ Միացյալ Նահանգներից ուղիղ  հեռարձակմամբ ներկայացվում էին նախագահական ու կոնգրեսական ընտրությունների արդյունքները, դեսպանության ամերիկացի անձնակազմը եւ հայ հյուրերը հետեւում էին տեղամասերի փակման ու ողջ երկրով մեկ արդյունքների ամփոփման ժողովրդավարական գործընթացին:

Հրավիրված էին ավելի քան 800 հյուր, ովքեր առիթ ունեցան շփվել ամերիկացի դիվանագետների հետ եւ քննարկել ընտրություններն այն պահին, երբ տարբեր ամերիկյան հեռուստաալիքներով իրական ժամանակում հաղորդում էին արդյունքները: Բացի կենդանի հեռարձակմանը հետեւելու հնարավորությունից ԱՄՆ դեսպանատունն ապահովել էր նաեւ մի շարք տեղեկատվական նյութեր ԱՄՆ ընտրությունների ու ժողովրդավարական գործընթացների մասին:

Ներկաներին դիմելով դեսպան Միլսը շեշտեց. «Այսօր նշանակալի օր է, որ կրկնվում է ամեն չորս տարին մեկ անգամ. սա այն օրն է, երբ Միացյալ Նահանգները վերահաստատում եւ տոնում է ժողովրդի կողմից երկրի նախագահ ընտրելու իր 240-ամյա ամուր ժողովրդավարական ավանդույթը:  Ինչքան էլ որ բուռն ու հագեցած էր այս տարվա ընտրարշավը, այնուամենայնիվ, ամերիկացիները գիտեն, որ երեկվա քվեարկության արդյունքների հիման վրա 2017թ. հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության խաղաղ հանձնում ԱՄՆ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն: Եվ ինչպես անցյալ շաբաթ նշեց պետքարտուղար Քերին՝ մենք այժմ 58-րդ անգամ նախագահի ընտրության ազատ ու արդարացի գործընթացում ենք եւ դա եղել է 58 անգամ անընդմեջ: Աշխարհի շատ այլ վայրերի համեմատ սա պարզապես ապշեցուցիչ է»: