Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում ակնհայտ զարգացում չի սպասվում: Այս մասին այսօր՝ նոյմեբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումն իչ-որ չափով կախված է նաեւ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա, այս դեպքում նաեւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացումից. «Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կմնան այնպես, ինչպես մինչեւ այժմ էին, սակայն, պետք չէ մոռանալ նաեւ, որ երկու երկրների հարաբերությունները կապված են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումից: Եթե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն ավելի մեղմանան, Հայաստանը կարող է ինչ-որ չափով շահել, սակայն, միայն դրանով չի պայմանավորված, այս հարաբերությունները կապված են նաեւ՝ ԱՄՆ-Թուրքիա եւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացումից»:
Կիրո Մանոյանը նշեց, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քարոզարշավի ընթացքում նախագահի երկու թեկնածուներին էլ չի աջակցել եւ շարունակելու է համագործակցությունը նոր վարչակազմի հետ. «Ինչ վերաբերում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբին, պարզ է, որ երկու թեկնածուներին էլ չի աջակցել, որն էլ խոսում է նրա մասին, որ նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Սակայն, սա դրական է նաեւ այնքանով, որ պետք է հնարավորություն լինի աշխատել նաեւ այս վարչակազմի հետ: Կարծում եմ, որ ձեւը կգտնեն եւ ինչ-որ չափով կաշխատեն»:
Կիրո Մանոյանը նշեց, որ իր համար անակնկալ էր Դոնալդ Թրամփի հաղթանակը. «Փաստորեն նրա հաղթանակը խոսում է այն մասին, որ Ամերիկայի ընտրողների կեսից ավելին դժգոհ էին գործող համակարգից, եւ սա Թրամփի ընտրվելու կարեւոր պատճառներից էր: Դգոհ էին Հանրապետականից, իսկ Հանրապետական կուսակցությունն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Դոնալդ Թրամփի հետ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում:




























