Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Վանիկ Սարգսյանի պաշտպան Վահե Դանիելյանը։
«Իմ պաշտպանյալի ցանկությունն էր, որ արագացված կարգով անցկացվի, դատարանն էլ բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ նիստին արդեն ամենայն հավանականությամբ դատավճիռը կկայացվի»,- ասաց փաստաբանը։
Վահե Դանիելյանի խոսքով՝ իր պաշտպանյալն ամիսներ առաջ է փոխհատուցել տուժող կողմին եւ նրանք քաղաքացիական հայց չեն ներկայացրել։
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել 2016թ. հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ 38-ամյա Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:




























