«Դոնալդ Թրամփի հաղթանակը նշանավորում է status quo–ի խլացուցիչ խորտակում։ Աշխարհի ամենահզոր երկրը ընտրել է ղեկավարի, որը կառավարությունում աշխատանքի փորձ չունի, ինքնաշեն բռնապետի, որը քամահրում է իր դաշնակիցներին, քաղաքավարի խոսելաոճը ու ժողովրդավարական ավանդույթները։ Եթե նա չփոխի իր անձը, Պրոթեյի նման, նրա հաղթանակը թերեւս մարտահրավեր կդառնա արեւմտյան ժողովրդավարական մոդելի համար, գրում է The Financial Times–ը,-2016թ ամերիկացիները նախընտրեցին «Նորից հզորացնենք Ամերիկան» հասարակ կարգախոսով քաղաքական նեոֆիտին, քան կին թեկնածուին, որը եղել է առաջին լեդի, Նյու Յորքի սենատոր ու պետքարտուղար»։

«Եվ այսպես, որո՞նք են Թրամփի նախագահության հեռանկարները։ Լավատեսական հեռանկարում, այդ չարացած, մուսուլմանների հանդեպ բացասաբար տրամադրված թեկնածուն կվերափոխվի՝ հայտնվելով Սպիտակ տանը։ Այս փուլում նման փոփոխությունը անհավանական է թվում։ Դրան կխանգարի Թրամփի խառնվածքը,- կարծում են The Financial Times –ի վերլուծաբանները։ Բացի դրանից նա կարող է վստահեցնել, ու միանգամայն արդարացիորեն, որ իր մարտավարությունները, որքան էլ արտասովոր լինեն, օգնել են իրեն հաղթել նախագահական ընտրապայքարում։ Նա ուներ հնարավորություն վերադառնալ ավելի ողջամիտ ցենտրիստական դիրքորոշման՝ Հանրապետական կուսակցության հռչակագրից հետո, բայց նա նախընտրել է չանել դա»։

Սակայն Թրամփը կարող է մտածել, որ հաղթանակն իրեն երկրորդ շանսն է տվել։ Նա ստիպված կլինի թիմ ստեղծել ու աշխատել Կոնգրեսի հետ, մասնավորապես Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանի հետ, որին նա պարբերաբար ծաղրում էր։ Մարդը, որը հպարտանում է նրանով, որ հասկանում է «գործարքի արվեստը», պետք է յուրացնի, որ կառավարության աշխատանքի ընթացքը չի կարող որոշվել անձնական թշնամանքով, իսկ քաղաքականությունը փոխզիջման արվեստ է։ «Աշխարհը նյարդայնացած կարձագանքի Թրամփի առաջին քայլերին,- ասվում է հոդվածում,- Ինչպես եւ ֆինանսական շուկաները, որոնք արդեն դրսեւորել են առաջին ազդակը։ Սա շատ վտանգավոր պահ է։ Թրամփի հաղթանակը «Բրեքսիթի» մասին որոշումից հետո նոր դաժան հարված է ազատական միջազգային կարգերին։ Թրամփը պետք է որոշի, խոսքով կամ գործով, արդյոք մտադիր է ավանդ ներդնել այդ մեծ փլուզման մեջ՝ Արեւմուտքի համար անհամաչափ գնով»։