ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է գրասենյակային տարածքներ, բնակարաններ եւ ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով Վլադիմիր Մանգասարյանի կողմից տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վլադիմիր Մանգասարյանը Երեւան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն եւ ստացել Երեւան քաղաքի Մաշտոցի 33Ա եւ Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք։ Վերջինս  հանդիսացել է «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության բաժնետեր եւ ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ։ Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վլադիմիր Մանգասարյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ եւ ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից  եւ ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք:

Քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ հափշտակության 31 դրվագ, տուժող է ճանաչվել 26 անձ (այդ թվում՝ իրավաբանական)։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վլադիմիր Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան