«Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել՝ տեղեկացնելով, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության պատճառով ՌԴ տարածքում հանդիպել է իրացման խոչընդոտների: Խնդիրն այն է, որ «Ֆիլիպ Մորիսը» դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի», այն հիմքով, իբր վերջինս արտադրում է իր «Մալբոռո» ապրանքանիշին շփոթության աստիճան նման «Արարատ» անվանումով սիգարետները:
ՀՀ Մրցակցային մարմինը ուսումնասիրել է խնդիրը եւ պարզել, որ «Ֆիլիպ Մորիսը» Մոսկվայում մի շարք խոշոր խանութների հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի վերջիններս իրացնեն միայն իր արտադրանքը եւ դադարեցնեն համագործակցել «Գրանդ Տոբակոյի» հետ՝ հանելով վերջիններիս արտադրանքը շրջանառությունից:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Հանձնաժողովը գտնում է, որ երկու տեսակի արտադրանքների միջեւ շփոթության աստիճանի նմանություն առկա չէ, հետեւապես ընկերությունը որեւէ օրենսդրական նորմ չի խախտել: ՀՀ ՏՄՊՊՀ-ը խնդիրը ներկայացրել է նաեւ ՌԴ հակամենաշնորհային ծառայությանը, որը եւս պաշտպանում է ՏՄՊՊՀ տեսակետը՝ գտնելով, որ «Ֆիլիպ Մորիսը» իրավասու չէ նման գործունեություն իրականացնելու:
Ըստ Հանձնաժողովի, «Ֆիլիպ Մորիսը» դրսեւորել է նաեւ հնարավոր հակամրցակցային գործունեություն, քանի որ ՌԴ տարածքում գործող խոշոր խանութների հետ կնքել է պայմանագրեր՝ այլ արտադրողի, տվյալ պարագայում «Գրանդ Տոբակոյի» արտադրանքի իրացմանը խոչընդոտելու նպատակով:
Այս պահին, ՀՀ եւ ՌԴ մրցակցային մարմինները համատեղ հանդես են գալիս Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ընդդեմ «Ֆիլիպ Մորիս» ընկերության գործողությունների:
«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները եւ գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,-իր խոսքում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են եւ երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում եւ թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար եւ հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը:





























