Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ կունենանք 100 %-ով հաշվառվող ոռոգման ջուր. սա լինելու է համակարգում արդեն իսկ մեկնարկած ռեֆորմների հիմնական նպատակներից մեկը: Այս մասին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեում ընդունելով Համաշխարհային բանկի ջրային ոլորտի առաքելության պատվիրակությանը, նշել է Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԲ պատվիրակության հերթական այցի նպատակը Կոմիտե Հայաստանի ջրային ոլորտում PPP (պետական-մասնավոր գործընկերության) 15-ամյա փորձի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի ներկայացումն էր:
«Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի փորձը շատ կարեւոր է Համաշխարհային բանկի համար, քանի որ դրա արդյունքները կարող են օրինակելի լինել, իսկ փորձը կարելի է տեղայնացնել աշխարհի շատ այլ երկրներում պետական-մասնավոր գործընկերության համակարգի ներդրման ընթացքում»,- ասաց ՀԲ ջրի եւ մաքրման գծով ավագ մասնագետ, առաքելության ղեկավար Ֆիլիպ Մարինը:
Նա նշեց, որ ՀԲ-ն իր ջրային ոլորտի առաքելությունը Հայաստանում սկսել է 2000 թվականից, եւ արդյունքները թույլ են տալիս վստահորեն ասել, որ Բանկը պատրաստակամ է աջակցել ոլորտում ընթացող բարեփոխումներին:
Արսեն Հարությունյանը ՀԲ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց ջրի հաշվառման խնդրին եւ նշեց.
«Մեր նպատակներից մեկը խմելու եւ ոռոգման ջուրը հաշվարկելի, հաշվառվող դարձնելն է: Նախորդ տարիներին ՀԲ-ի աջակցությամբ շուրջ 80 հաշվիչ է ձեռք բերվել, որոնց միջոցով պետք է իրականացվեին այդ հաշվարկները: Ցավոք, դրանք ինչ-ինչ պատճառներով չեն միացվել համակարգին: Այս տարի մենք լրացնելու ենք նաեւ այդ բացը՝ փորձելով հնարավորինս վերահսկելի դարձնել ջրային հոսքերը»:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագրին: Նա նշեց, որ ամիսներ առաջ հայտարարված մրցույթի պայմանները բավականին խիստ են եղել, ինչը թույլ է տվել ընտրություն կատարել առավել մրցունակ հավակնորդների միջեւ.
«Ես հույս ունեմ, որ նման լուրջ չափորոշիչների համապատասխանող ընկերությունը կկարողանա իրականացնել իր վարձակալական պարտավորությունները, եւ առաջիկա 15 տարիների ընթացքում մենք լուրջ առաջընթացի ականատես կլինենք: Սակայն այս հարցում մենք դեռ չլուծված խնդիրներ ունենք. օրինակ՝ սպասարկումից դուրս մնացած շուրջ 570 համայքները: Այս պահին մենք մեխանիզմներ ենք մշակում՝ այդ համայնքների սպասարկումը գրավիչ բիզնես նախագիծ դարձնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում այդ համայնքները եւս սպասարկման դաշտ բերել»,- ասաց Ա. Հարությունյանը:




























