ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծովագյուղ եւ Լճաշեն համայնքներ. այցի նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի հնդկաձավար արտադրող խմբին, ինչպես նաեւ քննարկել Լճաշեն համայնքում կաթնամթերթի արտադրության ընդլայնման կիրառական ծրագիրը:
ՏԿԶ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Լոքյանը տեղում ծանոթացել է Ծովագյուղ համայնքում հնդկաձավարի արտադրության պայմաններին, լսել շուրջ 550 հա ընդհանուր մակերեսով հողամասերում հնդկաձավար աճեցնող կոոպերատիվի անդամների կողմից բարձրացված խնդիրները: Նախարարը հետեւել է արտադրական (բովման, մաքրման, փաթեթավորման) սարքավորումների փորձարկման գործընթացին, որոնք ձեռք են բերվել Եվրամիության «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրի շրջանակներում: Կոոպերատիվի անդամները նշել են, որ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում հնարավոր է էապես ընդլայնել հնդկաձավարի ցանքատարածության մակերեսը, ավելացնել արտադրության ծավալները եւ բավարարել Հայաստանում հնդկաձավարի պահանջարկի էական մասը:
Դավիթ Լոքյանի հաջորդ կանգառը Լճաշեն համայնքն էր, որտեղ նախարարը մասնակցել է համայնքում կաթնամթերքի վերամշակման արտադրության ընդլայնման կիրառական ծրագրի քննարկմանը: Արտադրության պատասխանատուները նախարարին ներկայացրել են, որ գործող արտադրամասն ունի արտադրական տարածքի ընդլայնման, վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ գազամատակարարման ապահովման խնդիր:
(2).jpg)
(1).jpg)




























