Բարեկամական հարաբերությունների զարգացումը Իրանի եւ Հայաստանի շահերից է բխում։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով NEWS.am –ի հարցին, թե ինչ սպասումներ կան Իրանի  նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարվելիք այցի։

Նա հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ հանդիպել է Հայաստանում Իրանի փոխդեսպանի հետ։ «Իրանական եւ հայկական կողմերը բնականաբար մեծ ցանկություն ունեն զարգացնել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունները։ Իրանը մեր տարածաշրջանում առանցքային գործընկեր է ոչ միայն որպես հարեւան երկիր, այլ նաեւ մուսուլմանական աշխարհում իր առանցքային դերի առումով»,– ասել է նա։

Շարմազանովը նշեց, որ ամսվա ընթացքում սպասվում է Իրանի նախագահի այցը Հայաստան։ Թե երբ եւ ինչ ձեւաչափով այն կկայանա, կհայտնեն պաշտոնապես։