Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրության շրջանակներում կարող էին անդրադարձ կատարել նաև նախկինում հարստացած պաշտոնյաներին: Այս մասին այսօր ՀԱԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Սա զուտ քաղաքական ու նախըտրական քայլ է, ոչ ավելին: Ես չգիտեմ, թե հետագայում դա ինչպես կկիրառվի: Փաստացի այդ օրենքի հետադարձ ուժի հարցը փակվեց՝ այն հանգամանքից ելնելով, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց շատ երկրներ, հիմնականում, Արևելյան Եվրոպայի, հենց այդ օրենքի ընդունումը կապում էին նրա հետ, որպեսզի կարողանային նախկինում տեղի ունեցած ապօրինի գործընթացներն ուսումնասիրեին: Այսինքն՝ այդ օրենքը ես համարում եմ կիսատ, դա այս էտապում ժողովրդին ներկայանալու համար է արված ընդամենը»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի՝ այսինքն՝ աշխարհում կա նախադեպ, որ այս օրենսդրությունը կարող է կիրառվել նաև նախորդ դեպքերի վրա:

Տնտեսագետը նաև նշեց, որ կառավարության այս փոփոխությունը քաղաքական քայլ է, ոչ թե տնտեսական: Նրա խոսքով՝ հարկային մարմինների աշխատանքում ոչինչ չի փոխվել, ինքը երեկ է հանդիպել գործարարների հետ, որոնք դրական փոփոխություններ չեն տեսնում:

«Այս կառավարությունը մի լավ բան է արել, լավն այն էր, որ ինքը եկավ ու ասաց, որ տնտեսության վիճակը վատ է, եկավ խոստովանեց, որ այն վիճակագրական տվյալերը, որոնք տարիներ շարունակ ներկայացվում են, իրականությանը չեն համապատասխանում: Բայց սա էլի քաղաքական նկատառումներից ելնելով է: Իրենք հարկավոր էր, որպեսզի ֆիքսեն ցածր բազա, որպեսզի 2017 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արդեն իրենք բարձր թվեր ցույց տան»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանի տնտեսությունն այսօր հայտնվել է ռեցեսիոն փուլում: Մենք մեկ եռամսյակի ընթացքում արդեն ունենք մինուս, և տնտեսագիտորեն սահմանված է, որ եթե երկու եռամսյակ շարունակ գրանցվում են բացասական միտումներ, այդ դեպքում ռեցեսիոն պրոցես է սկսվում: «Այսինքն՝ մենք հայտնվել ենք այդ խնդրի առաջ: Հարկերի հավաքման գործում կառավարությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Իրենք կանխատեսում են, որ 80 մլրդ թերակատարում կլինի, բայց իմ հաշվարկներով՝ ըստ իմ հաշվարկների՝ մոտ 100 մլրդ-ի կարգի չեն հավաքի»,- նշեց նա: