Բոլոր ընտրախախտումները միշտ վերագրվում են հաղթողին, ցանկացած երկրի քաղաքական դաշտում դա կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե պետք է 2017-ին անբիծ ընտրություններ կազմակերպել:
NEWS.am-ի հարցին՝ ինչպե՞ս են անբիծ ընտրություններ կազմակերպելու, եթե Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ՀՀԿ-ի օգտին մշտապես արձանագրվել են ընտրախախտումներ, կեղծիքներ, ամեն գնով քվե կորզելու երեւույթներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Այս սահմանադրական բարեփոխումներից հետո մենք ընդամենը անցկացրել ենք ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ դժգոհություն չի եղել։ Բնականաբար, դուք գիտեք՝ պարտվողները միշտ չեն հաշտվում իրենց պարտության հետ, մշտապես պատճառաբանություններ ունեն։ Այդ տարիների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, որ բարձրաձայնվել են, աշխատել ենք դրանք վերացնել նոր Ընտրական օրենսգրքում ընդդիմադիրների ու քաղհասարակության հետ համագործակցելով, միջազգային կառույցների հետ խորհրդակցությամբ։ Բացի այդ սիրուն օրենքից հարկավոր է քաղաքական կամք»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հիշեցնելով, որ տեխնիկական վերահսկող միջոցներ են նեդրվելու, որոնք տեղադրվելու են ընտրատարածքներում։
«Մենք հորդորում ենք, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, բոլոր ընտրատարածքներում հանձնաժողովի անդամներ նշանակեն, տեղերը չվաճառեն, վստահված անձեր նշանակեն, որ կարողանան այդ վերահսկողությունը դիտորդների հետ կազմակերպված ձեւով անցկացնել»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ իրենց շարքերում էլ ինքնամաքրման կարիք կա։ «Հնարավորինս մենք կատարում ենք փոփոխություններ եւ մենք պայմանները առաջադրել ու դրել ենք։ Նախօրոք ընտրությունից առաջ ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել»,-ասաց Բաղդասարյանը:
Նշենք, որ ՀՀԿ 16-րդ համագումարում կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը իր ելույթում կարեւորել էր 2017 թվականին անբիծ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։ «Այո, մեզ անհրաժեշտ է ժողովրդի վստահության քվեն, բայց ոչ ամեն գնով: Մենք քվե ենք հայցում աշխատանքի դիմաց, վստահության եւ մեր ծրագրերի դիմաց եւ ամեն ինչ անում ենք, որ այդ քվեին արժանանաք արդար եւ ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում: Հենց այս համոզմամբ պետք է առաջ ընթանանք 2017-ին կայանալիք խորհրդարանի եւ Երեւանի ավագանու ընտրություններում․․․ Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017-ի գարնանը կազմակերպել անբիծ ընտրություններ: Մեզ պետք է հենց այդպիսի վստահության քվե»,– ասել էր Սերժ Սարգսյանը:





























