Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցված է Բեռլինում տեղի ունեցած ողբերգությամբ: «Մենք սգում ենք զոհերի համար եւ հույս ունենք, որ շատ վիրավորների հնարավոր է օգնել»,-հայտարարել է կանցլերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինի կենտրոնում բեռնատարը մխրճվել էր եկեղեցու մոտ գտնվող սուրբծննդյան տոնավաճառ, որի հետեւանքով մահացել է 9 մարդ: Առնվազն 50 մարդ վիրավորվել է, հայտնել են փրկարարները: Ավերվել են մի քանի առեւտրային վրաններ: Ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է համարում:
Իրավապահ մարմինները պարզել են, որ բեռնատարի սրահում, որը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքով, եղել է երկու մարդ: Նրանցից ուղեւորի նստատեղին գտնվողին մահացած են գտել, երկրորդ կասկածյալին հաջողվել է ձերբակալել դեպքի վայրից ոչ հեռու:
DW-ի փոխանցմամբ, բեռնատարի վրա եղել են լեհական համարանիշներ: Լեհական ընկերության սեփականատերը, որին պատկանում է բեռնատարը, արդեն հայտարարել է, որ բեռնատարը գողացել էին:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասի փոխանցմամբ, հետաքննությամբ զբաղվում է դաշնային դատախազությունը:




























