Ուժեղ ծխամշուշի պատճառով Պեկինի միջազգային օդանավակայանում ավելի քան 180 չվերթ է հետաձգվել, դադարեցվել է նաեւ երթեւեկությունն արագընթաց մայրուղիներով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CCTV հեռուստաալիքը:

Անցյալ շաբաթ Չինաստանի իշխանությունները տագնապի առավելագույն՝ «կարմիր» մակարդակ էին հայտարարել Պեկինում եւ Տյանցզինում, ինչպես նաեւ Հենան, Հեբեյ եւ Շանդուն նահանգներում. պատճառն օդի ուժեղ աղտոտվածությունն էր:

Պեկինում օդում PM2.5 մասնիկների կենտրոնացման մակարդակը մեկ խորանարդ մետրում 313 միկրոգրամ է կազմում՝ ԱՀԿ-ի սահմանած 25 միկրոգրամի դիմաց: Ներկայում քաղաքը պատված է սպիտակ մշուշի շղարշով, ինչի հետեւանքով ճանապարհներին տեսանելիությունը կտրուկ նվազել է: