11-ամա ռուսաստանցի լրագրող Եվգենի Գրիշինը զրուցել է Բելառուսի նախագահի կրտսեր որդու հետ: Հարցազրույցի որոշ մանրամասներ է հայտնել «Բելառուս 1» հեռուստաալիքը: Մասնավորապես, թե ինչպես է նախագահի կրտսեր որդին իր ուսուցչի հետ դաշնամուր նվագում 4 ձեռքով, պատանի լրագրողի հետ զբոսնում էլեկտրաքարով, նրան սովորեցնում դահուկի վրա կանգնել, նաեւ հյուրին ցույց է տալիս հռչակավոր նախագահական ֆերման՝ թե՛ ճագարներին, թե՛ այծերին:
Պատանի լրագրողը հարցրել է՝ արդյոք Կոլյան ցանկանո՞ւմ է դառնալ իր հոր ժառանգորդը: «Ինձ շատերն են այդ մասին հարցնում: Եթե անկեղծ, ապա ես այնքան էլ չէի ցանկանա նախագահ դառնալ: Այդ դեպքում կյանքը շատ կբարդանա, համոզված չեմ, որ դրան պատրաստ եմ»,- պատասխանել է նա:
Հարցին՝ ի՞նչ կցանկանար ապագայում դառնալ, Նիկոլայը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել:
Ռեպորտաժում նաեւ հաղորդվել է, որ Նիկոլայ Լուկաշենկոն երաժշտությամբ է զբաղվում շաբաթը 4 անգամ: «Հայրիկը հազվադեպ է իմ համերգներին գալիս, սովորաբար նրա համար տանն եմ նվագում»,- անկեղծացել է նա: Նիկոլայը նաեւ ասել է, որ մի անգամ չորս ձեռքով դաշնամուր է նվագել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «իր սիրած կոմպոզիցիաներից մեկը»:
Կրտսեր Լուկաշենկոն շաբաթը 2-3 անգամ հաճախում է հոկեյի մարզումների: Դրանցից մեկին է հրավիրել նաեւ Ժենյա Գրիշինին, որտեղ նա ծանոթացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Հրաժեշտ տալիս նախագահն ու նրա որդին փոքրիկ թղթակցին տեսախցիկ են նվիրել:
































