ՀՅԴ -ն 99 տոկոսով ընտրությունների կգնա միայնակ, առանց դաշինքի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Բայց քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք, բայց այսօր մենք որևէ բանակցություն չենք վարում»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ինչպես է վերաբերում պատգագամավորը արդեն կազմված դաշինքներին, որոնցից է «Ելք» դաշինքը, որը միավորում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները, Աղվան Վարդանյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կգտնեն խորհրդարանում, հնարավորություն կունենան զարգանալ, աճել, ընդլայնվել ու ազդեցություն ունենալ: Ովքեր որ տեղ չեն գտնի խորհրդարանում, կփորձեն միավորվել, դաշինքներ կազմել:
«Շատ գովելի ու ողջունելի է ցանկացած միավորում, դաշինք ստեղծելու ցանկացած փորձ: Ուզում եմ, որ մեր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական տարբեր ճամբարներում գտնվելու փաստից, գիտակցեն, որ Դաշնակցության պնդմամբ էր, որ նոր Սահմանադրության մեջ արձանագրվեց դրույթը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա տեղերի առնվազն 30 տոկոսը: մենք իշխանություն ենք, թե ոչ, կապ չունի, մենք գիտակցում ենք, որ առանց ընդդիմության մեծ ներկայությւան, բալանսի ու հակազդեցության, հնարավոր չէ երկիրը զարգացնել: Այնպես որ ողջունում ու բարի ճանապարհ ենք մաղթում դաշինքներին»,- ասաց Աղվան Վարդանյանը:





























