Հարցումների համաձայն՝ կարիերայի ընթացքում «շունչ քաշելու համար» նույնիսկ մի քանի տարի չաշխատելու ցանկությունը կարող է հարյուր հազարավոր դոլար արժենալ: Այս մասին հայտնում է Market Watch-ը:

Պարբերականը բերել է մի մարդու օրինակ, որը սկսում է աշխատել 22 տարեկանում եւ տարեկան 50 հազար դոլար է վաստակում, իսկ 26 տարեկանում երեքամյա ընդմիջում է վերցնում: Այդպիսի դադարը նրա համար կարող է մոտ 506 հազար դոլար արժենալ՝ հետեւյալ բաղկացուցիչների հաշվին. երեք տարվա ընթացքում 150 հազար դոլարի կորցրած աշխատավարձ, թոշակային մուծումներ ու սոցիալական ապահովության վճարումներ  (158 հազար դոլար) եւ աշխատավարձին տարբեր հավելագրումներ (198 հազար դոլար):

Market Watch-ի տվյալներով՝ ամեն տարի հազարավոր ամերիկացիներ որոշում են իրենց կարիերայում ընդմիջում կատարել: Harris Interactive ընկերության հարցման համաձայն, որը հրապարակվել է Harvard Business Review-ում, 10 կանանցից գրեթե 4-ը եւ տղամարդկանց 24 տոկոսը կամավոր են ընդմիջում վերցնում:

Pew Research Center հետազոտական կենտրոնը պարզել է, որ մայրերի 39 եւ հայրերի 24 տոկոսը կարիերան որոշ ժամանակով ընդհատելու որոշում են ընդունում  երեխային կամ ընտանիքի մեկ այլ անդամի խնամելու համար:

Harvard Business Review-ի հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ տղամարդկանց 25 եւ կանանց 23 տոկոսը կամավոր են կարիերան ընդհատել, որպեսզի նոր աստիճան կամ երկրորդ բարձրագույն կրթություն ստանան: