Թայվանի մայրաքաղաք Թայբեում հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու նույնասեռական ամուսնությունների օրինականացման դեմ: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, քանի որ նույնասեռական ամուսնությունների հակառակորդները փորձել են ներխուժել շենք: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խորհրդարանական կոմիտեն վերանայել է նույնասեռական ամուսնությունների վերաբերյալ առաջարկը, խոսքը քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների մասին է:
Այս օրնսդրական փոփոխությունների դեմ Թայբեում ցույցեր են ընթացել նաեւ նախկինում՝ դեկտեմբերին եւ նոյեմբերին: Ցուցարարները կարծում են, որ նույնասեռական ամուսնությունների օրինականացումը կոչնչացնի ամուսնության ինստիտուտը:
Խորհրդարանում նույնասեռական ամուսնությունների օրինականացման հարցի քվեարկությունը նախատեսված է 2017-ի փետրվարին: Եթե պատգամավորներն աջակցեն դրանց, Թայվանը կարող է Ասիայում առաջին երկիրը դառնալ, որտեղ նույնասեռական ամուսնությունն օրինականացված է:





























