Սեւ ծովում կործանված Տու-154-ի առաջին «սեւ արկղը» դուրս են բերել ծովի հատակից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:
Ավելի վաղ փրկարարները հաղորդել էին, որ հայտնաբերել են օդանավի պոչի հատվածի բեկորները, որտեղ գտնվել է ինքնագրիչ սարքը:
«Սեւ արկղերի» տվյալները մասնագետներին կօգնեն պարզել ողբերգության պատճառները: Ներկայում ԱԴԾ-ն դիտարկում է օդանավի անսարքության, շարժիչում կողմնակի առարկայի հայտնվելու, օդաչուների սխալի եւ անորակ վառելիքի վարկածները: Ահաբեկչության նախանշաններ հատուկ ծառայությունները դեռեւս չեն գտել:
Սիրիա ուղեւորվող ՌԴ ՊՆ Տու-154 օդանավը կործանվել է կիրակի առավոտյան, Սոչիի մերձակայքում: Օդանավում 92 մարդ է եղել. 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ:




























