Ամանորյա տոներից հետո փորձագետները կստուգեն գործարար Արամ Պետրոսյանի մեղսունակությունը, որը «Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղում մարդկանց էր պատանդառել, հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Քննությունը Պետրոսյանի համար ստացիոնար հոգեբանական- հոգեբուժական փորձաքննություն էր նշանակել դեռ նոյեմբերի վերջին, բայց քանի որ մասնագետների մոտ մեծ հերթ է, այդ փորձաքննությունը առայսօր չեն իրականացրել, այն ծրագրված է ամանորյա տոներից հետո»,- ասել է պաշտպանը։
Ընդ որում մինչ այդ հայտնել էին, որ փորձաքննությունն արդեն Պետրոսյանին մեղսունակ է ճանաչել։ Պարզ չէ՝ արդյոք հիմա խոսքը կրկնակի փորձաքննության մասին է։
Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության ու մարդկանց պատանդառելու մեջ, ու դատարանի որոշումով նա կալանավորված է մինչև 2017-ի փետրվարի 24-ը։
«Մենք բողոքարկել ենք Պետրոսյանի կալանքի երկարացումը, խնդրելով նրան տնային կալանք նշանակել։ Մեր բողոքի քննման ժամկետը դեռ հայտնի չէ»,- ասել է Մալցևը։
Օգստոսին գործարար Արամ Պետրոսյանը չորս մարդու էր պատանդառել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկում», սպառնալով պայթեցնել բանկը։ Սակայն հետո տղամարդը մեկ-մեկ ազատ էր արձակել պատանդներին ու հանձնվել իրավապահներին։ Պարզվել էր, որ նրա ձեռքին ոչ թե իսկական ռումբ էր, այլ մուլյաժ։ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ասել էր, որ ուզում էր իր արարքով ուշադրություն գրավել իր սնանկացման խնդրի հանդեպ։





























