Ավիացիոն փորձագետները ուսումնասիրել են ՌԴ ՊՆ «ՏՈՒ 154» կործանված օդանավի ինքնագրերը, նաեւ կարողացել են վերծանել դրա ձայնագրությունները։ Այս մասին Life –ին պատմել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով, ձայներիզը, որը ձայնագրում էր անձնակազմի բանակցությունները ու նրանց խոսակցություները, վնասված չի եղել։

-Խոսակցությունը ընդհատվում է այն պահին, երբ օդաչուներից մեկը բացականչում է «Փականները, գրողը տանի» Իսկ հետո լսվում է, թե ինչպես է նա բղավում «Հրամանատար ընկնում ենք»,- պատմել է աղբյուրը ։

Ավիացիայի սիրահարների ֆեդերացիայի փոխնախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Վիկտոր Զաբոլոտսկին պարզաբանել է, որ եթե օդանավը խնդիրներ է ունենում թեւերի փականների հետ, այն կարող է անկառավարելի դառնալ։ «Ստացվում է, որ թեւերից մեկի ամբարձիչ ուժը մեծ է, իսկ մյուսինը՝ փոքր, բնականաբար օդանավը կշրջվի․- նշել է նա, - Եթե թևի փականները չեն հավաքվում կամ անհամաչափ են հավաքվում, այդ ժամանակ օդանավը կառավարելը շատ դժվար է լինում»։

Մինչդեռ «ԻՆտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ օդանավի վթարի առաջնային վարկած է համարվում օդաչուների սխալ գործողությունները։

Ամեն դեպքում հետաքննությունը շարունակվում է, եւ առայժմ բոլոր հնչող վարկածները ենթադրություններ են ։