2016թ. Թուրքիայի ընդդիմության շարքերը նոսրացան եւ 2016 թ.-ը Թուրքիան ավարտում է լարված ներքաղաքական իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
«Հիմնական գաղափարական ու քաղաքական ընդդիմադիր քրդամետ կուսակցության համանախագահները եւ առանցքային գործիչները ձերբակալվեցին, իսկ առավել մեծաքանակ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը անզոր է միայնակ պայքարելու Էրդողանի ավտորիտարիզմի դեմ»,-ասաց նա։
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նշեց, որ 2016թ.-ին Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները եւս բավական լարված էին, որոնք ուղեկցվեցին փոխադարձ մեղադրանքներով։ Նրա խոսքով, այս տարվա ընթացքում Թուրքիայի տնտեսությունը եւս ենթարկվեց ցնցումների, որի հետեւանքով թուրքական լիրան աննախադեպ արժեզրկում արձանագրեց. «Հետեւաբար, 2017 թ. համար լավատեսության հիմքերը բավական սահմանափակ են»։





























