Ամերիկյան Centre for Preventive Action վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել 2017-ին հակամարտությունների գլխավոր սպառնալիքների մասին։

Հեղինակները հարցում են անցկացրել փորձագետների եւ քաղաքական գործիչների միջեւ, որոն հակամարտությունները գնահատել են եկող տարի դրանց հնարավոր զարգացման եւ ԱՄՆ շահերի վրա ազդելու տեսանկյունից։

Հակամարտությունները բաժանվել են 3 խմբի։ Առաջին խմբում բարձր մակարդակի սպառնալիքներ են, որոնց թվում նշվում են Հյուսիսային Կորեան, ԱՄՆ–ի վրա ահաբեկչական հարձակումները եւ կիբերհարձակումները, Աֆղանստանը, Ռուսաստան–ՆԱՏՕ հակամարտությունը, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ թուրքերի եւ քրդերի միջեւ հակամարտությունը։

Երկրորդ խմբում ԵՄ միգրացիոն ճգնաժամն է, իսրայելա–պաղեստինյան հակամարտությունը, Իրաքը, Լիբիան, Ուկրաինան, Պակիստանի եւ Հնդկաստանի հակամարտությունը, աճող քաղաքական անկայունությունը Ֆիլիպիններում, Եմենը, Վենեսուելան։

Վերջին խմբում ղարաբաղյան հակամարտությունն է։ Փորձագետների կարծիքով հակամարտության վերականգնումը եկող տարի քիչ հավանական է, իսկ բուն հակամարտությունը աննշան ազդեցություն է ունենալու ԱՄՆ շահերի վրա։

Նշենք, որ զեկույցի մասին տեղեկություններ են հայտնվել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում, սակայն նրանց բնորոշ աղավաղված ձեւով։ Աղմկոտ վերնագրերի հետեւից վազելով՝ զեկույցը ներկայացվել էր որպես «Ղարաբաղում մեծամասշտաբ պատերազմի մասին» կանխատեսում։