ՌԴ ՊՆ-ի կործանված օդանավի բեկորների հետազոտությամբ փորձագետները շարժիչի տուրբինի թիակների ձեւախախտում են հայտնաբերել:
Տու-154-ի կործանման պատճառները քննող Միջգերատեսչական հանձնաժողովի մասնագետները ուսումնասիրում են ջրից հանված բեկորները: Նրանց մտահոգել է տուրբինի թիակների վնասվածքը: Մի կողմից՝ դա միանշանակ հերքում է տուրբինի մեջ թռչուն ընկնելու վարկածը, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ թռիչքից առաջ, հնարավոր է, շարժիչն անսարք է եղել: Փորձագետները հետազոտելուց հետո կպատասխանեն՝ այն արդյոք ջրին հարվածվելո՞ւ հետեւանքով է վնասվել, թե՞ վնասված է եղել մինչեւ կործանումը:
Սոչիի անգարներից մեկում արդեն դասավորվում են Տու-154-ի բեկորները, որոնք ամեն օր ջրասուզակները հանում են Սեւ ծովի հատակից: Առաջին շարժիչն՝ անիվի կանգնակի հետ գտնվել է դեռեւս դեկտեմբերի 27-ի առավոտյան, երեկոյան ջրից հանվել է երկրորդը: Պարզվել է, որ երկրորդը ոչ մի վնասվածք գրեթե չի ունեցել:
Միջգերատեսչական հանձնաժողովն արդեն տնօրինում է օդանավի խոշոր մասերը՝ Տու-154-ի պոչամասը շարժիչներով, ֆյուզելյաժի կենտրոնական հատվածը, աջ թեւը, որոնք մանրակրկտորեն հետազոտվում են՝ հասկանալու համար ջուրն ընկնելիս օդանավի հետագիծն ու անկյունը, նաեւ այն հանգամանքները, որոնք կարող էին կործանման հանգեցնել:




























