Քաղաքական առումով ամերիկառուսական հարաբերություններում սառցե ժամանակաշրջան է։ Սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակը խթան է դարձել, որ ռուսներն անշարժ գույք գնեն ԱՄՆ-ում, գրում է Die Presse-ի տեսաբանը։
Եթե փորձենք մի բառով նկարագրել ռուսների ու ամերիկացիների հարաբերությունները, ապա ամենաշատը համապատասխանում է «աննոմալ» որոշիչը։ Տասնամյակներ շարուակ երկրներն իրար հետ առճակատման մեջ են եղել, հետխորհրդային ջերմացմանը նորից հաջորդեցին սառը ժամանակները, բայց իրարից բաժանվել նրանք ոչ մի կերպ չեն կարողանում։ Եվ սա այն դեպքում,- նկատում է Շթայները, - որ եթե ուշադրություն չդարձնենք աշխարհքաղաքականությանը, երկրներին գրեթե ոչինչ չի կապում, այդ թվում նաեւ տնտեսական հարաբերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Ղրիմի անեքսիայից հետո ԱՄՆ-ն ճնշում է գործադրել ԵՄ-ի վրա, որպեսզի վերջինը հակառուսական պատժամիջոցներ ձեռնարկի, բայցևայնպես պատժամիջոցային առաջին տարում ռուս- ամերիկյան առեւտրի ծավալները զարմանալիորեն աճել են, մինչդեռ Ռուսաստանի ու ԵՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը սրընթաց կրճատվել է»։
Հիմա անոմալիաները տեղափոխվել են նաեւ անշարժ գույքի շուկա։ «Երբ նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին, ռուսները սկսեցին գրոհել ամերիկյան էլիտար անշարժ գույքի վրա։ Այդ ոլորտում պահանջարկը աճել է 35 տոկոսով, վերջերս այդ մասին հայտնել է Knight Frank ռիելթորային միջազգային գործակալությունը «ՌԲԿ»-ի հետ զրույցի ժամանակ։ Մարինա Կուզմինայի՝ Knight Frank-ում արտասահմանյան անշարժ գույքի հարցերով տնօրենի խոսքով «որոշ հաճախորդներ Թրամփի շինարարական նախագծերում անշարժ գույք գնելու ցանկություն են հայտնել»։
«Ռուսաստանում ակնհայտ թրամփագարություն է,- մեկնաբանում է լրագրողը․- Դա համապատասխանում է նաեւ պետական քարոզչության նպատակներին։ Ռուսաստանում շատանում են սթափ ձայները, որոնք կոչ են անում հրաժարվել ԱՄՆ-ում իշխանափոխութան հետ կապված բարձր ակնկալիքներից։ Բայց վստահությունը, որ երկկողմանի հարաբերություններում ինչ -որ բան ավելի լավ կլինի, քանի որ ավելի վատ լինել հաստատ չի կարող, անփոփոխ է մնում»։
Հոդվածագրի խոսքով ԱՄՆ անշարժ գույքի հանդեպ ներդրողների հետաքրքրությունը, այդուհանդերձ, հակասում է այսօրվա ընդհանուր միտումներին։ «Առաջվա պես ռուսները զերծ են մնում արտասահմանում որեւէ բան ձեռքբերելուց։ Մասամբ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ չինովնիկներն ու քաղաքական գործիչները այլեւս չեն կարող ուղղակիորեն օտարերկրյա անշարժ գույք ձեռքբերել»։
Անշարժ գույքի ոլորտում մեծ ժողովրդականություն են շարունակում վայելել երկու երկրներ՝ Թուրքիան ու Բուլղարիան։





























