Ինչպե՞ս են ընթանալու տիեզերական պատերազմները։Հաշվի առնելով մեր տիեզերական տեխնիկայի պարզունակ վիճակը՝ մենք դժվար թե կարողանանք պատկերացնել, թե ինչ զենք է գործածվելու այդ պատերազմներում։ Բայց եկեք մի կողմ դնենք մեր ֆանտազիաները պլազմայով ռումբերի ու «Աստղային մահվան» մասին, մի քայլ հետ գնանք ու մտածենք ռազմավարության՝ այսինքն հակամարտությունների պատճառների ու դրա ընդհանուր ուրվագծերի մասին։ Ռազմավարության բազային սկզբունքները չեն փոխվել այն ժամանակվանից, երբ անտառներում շրջում էին կապիկները, տանջելով իրենց թշնամիներին ու դանդաղորեն հյուծելով նրանց ուժերը։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ նույնպիսի սկզբունքներ են գործելու նաեւ տիեզերական պատերազմում, գրում է Nautilus–ը։

Միջաստղային պատերազմների հնարավորությունները հետաքրքրում են ոչ միայն գիտական ֆանտաստներին, որոնք նոր սյուժետային գծեր են որոնում, այլեւ աստղագետներին, որոնք մտահոգված են նրանով, թե ինչու մենք դեռ արտերկրյա կյանքի որեւէ նշան չենք գտել ։ Դրա համար կա մեկ՝ բավականին չհուսադրող բացատրություն՝ գուցե մենք բացառիկ չենք, ու մեր գալակտիկան լի է ռազմական սպառնալիքներով։ Ագրեսիվ տեսակները կարող էին ոչնչացնել իրար միջուկային զենքով, իսկ մնացածը, վախենալով կործանարար հարձակումից, կարող էին ընդհատակ անցնել ու թաքնվել։ Որոշ գիտնականներ պնդում են, որ մենք էլ ճիշտ կանեինք ողջամիտ լռություն պահպանեինք, որպեսզի մեր մաշկի վրա չզգանք աշխարհների պատերազմի հետեւանքները։ Բայց կան նաեւ ուրիշ գիտնականներ, որոնք քիչ հավանական են համարում եկվորների հետ պատերազմը ու կարծում են, որ տիեզերական մարտերն ավելի հավանական են հենց Երկիր մոլորակի բնակիչների միջեւ։

Եթե այլմոլորակայիններին ռեսուրսներ պետք լինեն՝ ապա հարձակումը Երկրի վրա առանձնահատուկ իմաստ չէր ունենա, քանի որ գազի հսկաներն ու աստերոիդները  հսկայական պաշարներ ունեն, որոնք ավելի հասանելի են։

Այդուհանդերձ եթե այլմոլորակայինները վճռեն պատերազմել մեր դեմ, նրանք հսկայական ռիսկերի կբախվեն։ Եթե նրանք լրիվ համոզված չլինեն, որ կհաղթեն, նրանք չեն հարձակվի Երկրի վրա։ Հաճախ ասում են, որ գերզարգացած այլմոլորակայինները մեզ հաստատ մրջյուններ են համարում, բայց չէ՞ որ մրջյունների հախից գալն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ։ Նույնիսկ եթե հատուկենտ մրջյունների հաջողվի ողջ մնալ, նրանք արագ կբազմանան ու նորից կլցնեն մոլորակը։ Ընդ որում ծանոթանալով այլմոլորակայինների տեխնոլոգիաներին՝ այդ մրջյունները կկարողանան ավելի ճշգրիտ հարված ու վրեժխնդրություն ծրագրել։ Այնպես որ այս ռազմավարական հաշվարկների համատեքստում եկվորների հարձակումը բացարձակ հիմարություն է թվում։