Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 1-ին փողոցի 16-րդ տան բակում մոտ 3 մետր բարձրություն ունեցող արմավենի է աճում։ Տանտիրուհի Էմմա Սիմոնյանի խոսքով՝ ծառի արմատը բերվել է Սոչիից 8 տարի առաջ, և ծառը մեծացել է առանց որևէ դժվարության ու հատուկ խնամքի։ Արմավենին դիմանում է անգամ ցուրտ ձմռան պայմաններում։

«Առաջին տարիներին, երբ ծառը փոքր էր, ձմռանը կտորներով փաթաթում էինք, բայց հիմա էլ չենք ծածկում։ Մենակ 2 տարի առաջ շատ ցուրտ ձմեռ եղավ, ծառը չորացավ, ասեցին՝ ցուրտը տարել ա, բայց հետո էլի ճյուղեր տվեց աճեց, իսկ գարնանը բանանի նման ծաղիկներ ա տալիս, բայց բերք չունի»,- պատմում է տիկին Էմման։

Նա միայնակ չի խնամում ծառը։ Արմավենու խնամքը նրա ամուսին Բորիկ Ադամյանը մեծամասամբ իր վրա է վերցրել։ Ծառի խնամքի միջոցների մասին տեղեկանում են հիմնականում հարցուփորձի միջոցով։ Ինչպես պատմում են նրանք, ծառը խնամում են մյուս բոլոր ծառերի նման, բայց այն ունի ջրելու առանձնահատուկ ձև. «Իմացել ենք, որ ուրիշ ծառերի նման արմատից չի կարելի ջրել, շլանգով վերևից ենք ջրում, ջուրը տերևներից թափվում ա արմատներին»,- ասում է տանտիրուհին։

Տիկին Էմմայի տանը բացի այս արմավենուց, ևս 2 արմավենի կա, որոնք ավելի փոքր են։ Բացի տիկին Էմմայից, գյուղում իրենց բակում արմավենի է աճեցնում ևս 2 ընտանիք։

Արմավենին խնամվում է մյուս ծառերի նման, բայց ավելի մեծ ուշադրության է արժանանում Ամանորին։ Տիկին Էմմայի խոսքով՝ ամեն տարի ծառը զարդարում են տարբեր զարդարանքներով։

«Մի տարի փուչիկներ էինք կախել, մի տարի լույսեր էինք անցկացրել։ Պարտադիր ամեն տարի ծառը զարդարում ենք։ Թոռնիկներ ունեմ, որոնք շատ են ուրախանում դրանից, ինձ էլ ասում են՝ տատի՜, մեզ կբարձրացնե՞ս ծառի վրա»,- պատմում է նա։