Արմավիրի մարզի Շահումյան թռնչաֆաբրիկա համայնքի ղեկավար Արթուր Յայլոյանը հայտնվել է դատարանում խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2000թ.-ից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Յայլոյանը 2008-2016թթ. ընթացքում իր կնոջը եւ սոցիալապես վատ պայմաններում ապրող մի քանի բնակչի հրամանագրել է իրականում չգործող գրադարանավարուհու, այգեպանի եւ գործավարի հաստիքների վրա` նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս գրելով համապատասխան չափի աշխատավարձեր, որոնք վերջիններս ստացել եւ տնօրինել են իրենց հայեցողությամբ: Մասնավորապես, համայնքի գրադարան իրականում չգործելու պայմաններում կնոջը ձեւակերպել է՝ որպես գրադարանավարուհի եւ նրա անվամբ դուրս գրել ընդհանուր 5 մլն 279 հազար դրամ գումար՝ որպես աշխատավարձ: Այգի չունենալու պայմաններում Կիմա եւ Կարինե Խաչատրյաններին ձեւակերպել է՝ որպես այգեպան, եւ նրանց անվամբ դուրս գրել համապատասխանաբար 330 հազար եւ 478 հազար 690 դրամ աշխատավարձ, գործավարի անհրաժեշտություն չունենալու պայմաններում Էդգար Պետրոսյանին, Նվարդ Մկրտչյանին եւ Սուսաննա Հարությունյանին տարբեր ժամանակներում Յայլոյանը ձեւակերպել է որպես գործավար եւ նրանց անվամբ դուրս գրել համապատասխանաբար 506 հազար դրամ, 269 հազար դրամ եւ 772 հազար դրամ, որպես աշխատավարձ: Նրանք աշխատանքի փաստացի չեն հաճախել, ինչի արդյունքում համայնքի բյուջեից վատնել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 7 մլն 636 հազար դրամ գումար:

Բացի դրանից, Արթուր Յայլոյանն ավագանու անդամ Հակոբ Դանիելյանի կողմից 2015թ. սեպտեմբերից սկսած ՀՀ-ից բացակայելու եւ ավագանու նիստերին ու կայացված որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պայմաններում նրա փոխարեն ստորագրելով կեղծել եւ շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր:

Շահումյան թռնչաֆաբրիկա համայնքի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Յայլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: