Թուրքիայի խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորները ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության շարքերի դեմ «Շան մուտքն արգելված է» գրությունով պաստառ են պահել։
Թուրքիայի խորհրդարանում հունվարի 11–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը պնդել էր, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորներից մեկը կծել է իր ոտքը։ Այս դեպքից հետո իշխող կուսակցության պատգամավորներից մեկը խորհրդարանում պաստառ է պահել. «Շան մուտքը արգելված է» գրությամբ։
Այս պաստառին պատասխանել է ընդդիմադիր կուսակցության գրասենյակի սիրված կատուն՝ Շերոն, որը Twitter–ում էջ ունի եւ մշտապես մեկնաբանություններ է գրում տարբեր թեմաների շուրջ։
Շերոն իշխող կուսակցության «շնային» պաստառին պատասխանել է հետեւյալ կերպ. «Որեւէ շուն այնքան սոված չի, որ ցանկանա ձեր մսի համը փորձել»։
Նշենք, որ Շերոն Twitter–ում ունի 43 հազար հետեւորդ։






























