Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում նախագծային 27 հորերից այսօր շահագործվում է 18 բնական գազի հոր: Այս մասին նշված է «Հայռուսգազարդի» պաշտոնական հաղորդագրությունում։ Չնայած ֆինանսական սահմանափակ միջոցներին, ինչը պայմանավորված է ֆինասական ճգնաժամի հետեւանքներով, «Հայռուսգազարդը» շարունակում է Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիակնացման ծրագիրը:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին ընկերությունը շահագործման է նախապատրաստել եւս մեկ ստորգետնյա հոր: Սեփական ուժերով կառուցված առաջին հորը ամենատարողունակն է բոլոր շահագործվող հորերի շարքում: Իր ծավալով այն 1,6 անգամ գերազանցում է առկա հորերից ամենախոշորին:
Նման հորերի կառուցումը չափազանց ծախսատար եւ տեխնոլոգիական բարդ գործընթաց է, որը պահանջում է 3,5-4 տարի:
Նոր ստորգետնյա հորը լրացուցիչ շուրջ 20 մլն. խմ բնական գազ պահեստավորելու հնարավորություն է տալիս, այսպիսով, պահեստավորվող գազի ընդհանուր ծավալը հասցնելով 138-140 մլն. խմ-ի:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռոլանդ Ադոնցի խոսքով՝ նոր հորի կառուցումը սկսվել է 2006 թ. եւ այս տարի այն արդեն պատրաստ է շահագործման: «1986 թվականից մինչեւ այժմ մենք ոչ մի հոր չէինք կառուցել: Եվ սա տարիներ անց կառուցված առաջին հորն է, որը նաեւ ամենամեծն ու տարողունակն է` 150 հազար խորանարդ մետր ֆիզիկական ծավալով: Այդ հորում կտեղավորվի 120 մթնոլորտ ճնշման տակ 19-20 միլիոն խորանարդ մետր գազ» ,-նշել է նա:
Իրադարձությունների բարենպաստ զարգացման պարագայում «ՀայՌուսգազարդ»-ը մինչեւ 2013 թվականի ավարտը հնարավորություն կունենա պահեստավորել 170-180 մլն. խ. մ. բնական գազ, ինչը էականորեն կբարձրացնի երկրի սպառողներին գազի մատակարարման հուսալիության աստիճանը, ինչպես նաեւ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:





























