Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ուզում է անսահամանափակ իշխանություն ունենալ: Իզուր չեն նրան «սուլթան» մականունը տվել: Այս մասին NEWS.am –ի հե զրույցում ասաց ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային  հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող քաղաքագետ Վիկտոր Նադեին-Ռանեւսկին:

Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում քննարկվող սահմանադրական փոփոխություններին՝ թուրքագետը նշեց, որ էրդողանը վաղուց է ձգտում այդ փոփոխությանը:  «Ինչպես գիտեք, նրան վաղուց չի գոհացնում սահմանափակ լիազորություններ ունենալը, եւ նա վաղուց է պայքարում հանրաքվե անցկացնելու համար: Նա օրինագիծը խորհրդարան անցկացնելու շատ քիչ շանսեր ուներ, սակայն կարողացավ իր կողմը քաշել Ազգայնական շարժմանը: Եվ նրանց օգնությամբ Էրդողանը խորհրդարանում հասնել ներկայիս արդյունքին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռանեւսկին:

«Իսկ ի՞նչ կտա դա նրան: Միանձնյա կառավարման համար, իհարկե, ներկայիս Թուրքիայի Սահմանադրությունը չի համապատասխանում: Էրդողանն ավելի մեծ լիազորություններ է ուզում, որոնցից գլխավորն, անշուշտ, ուժային կառույցների նկատմամբ վերահսկողությունն է: Այդ պատճառով հանրաքվեում հաղթելու դեպքում Էրդողանն այնպիսի լիազորություններ կունենա, որոնք համեմատական են ԱՄՆ նախագահի լիազորություններին եւ անգամ ավելի լայն են»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի արդյունք կարող է տալ հանրաքվեն, թուրքագետը նշեց, որ երկրի բնակչության 1/3-ը չի աջակցում էրդողանին, եւ դա փաստ է: «Բայց ընդդիմությունն առաջին  հերթին պառակտված է, երկրորդ հերթին ընդդիմությունը բոլորովին տարբեր գաղափարների է հարում, ուստի չի կարող կոնսոլիդացված հանդես գալ»,- նշեց Նադեին Ռաեւսկին:

Ավելին,  նրա խոսքով, երկրում իշխում է արտակարգ դրություն, ուստի ընդդիմադիր կառույցների վրա ճնշումը շարունակվելու է: Քրդական ընդդիմությունը մեծամասամբ ճնշվում է: «Արվում է ամեն բան, որպեսզի հանրաքվեում հաղթանակ գրանցվի: Երկրում իրադրությունը հեղաշրջման փորձից հետո ամրապնդել է Էրդողանիի դիրքերը: Եթե հանրաքվեն ընթանա հիմա, ամենայն հավանականությամբ, նա հաղթանակի կհասներ: էրդողանը կարող է սահմանադրական հանրաքվեում ձայների ավելի քան 50 տոկոսը հավաքել»,- կարծիք հայտնեց Նադեին-Ռանեւսկին: