Այսօր` նոյեմբերի 3-ին Երեւանում իր աշխատանքներն սկսեց հայ-էմիրաթական գործարար համաժողովը, որը քիչ էր մնում խափանվեր տեխնիկական պատճառներով։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքի ժամանակ, պարզվեց, որ չեն աշխատում սինխրոն թարգմանությունը հաղորդող սարքերը։

Վարչապետն ընդհատեց իր ելույթը, սակայն տեխնիկան կարգի բերել անմիջապես չհաջողվեց։ Տ. Սարգսյանը ստիպված էր թարգմանչին հրավիրել իր մոտ եւ ելույթը սկսել նորից: Սակայն դրանով տեխնիկական անհարթությունները չլուծվեցին։ Կազմակերպիչները թարգմանչական սարքերը պատվիրել էին միայն արաբ հյուրերի հաշվարկով, եւ հրաժարվեցին այն տրամադրել լրագրողներին, թեեւ արաբ նախարարը խոսեց անգլերեն:

Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած պատվիրակությունը գլխավորում է Արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին։ Նրան ուղեկցում են Աբու Դաբիի Տնտեսական զարգացման դեպարտամենտի, Մուբադալա Զարգացման ընկերության, Դուբայի օդանավակայանի ազատ գոտու, Շարժայի, Ֆուջեյրայի,ԱՄԷ առեւտրաարդյունաբերական պալատի, փոքր եւ միջին ձեռնարկությունների, բանկերի, տարբեր ոլորտների ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի ընթացքում ստորագրվեց փոխըմբռման հուշագիր Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարության միջեւ։